ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն, բանակցությունները գրեթե ավարտված են. Շարմազանով

21:05 • 27.04.17

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- նշեց Շարմազանովը:

Նա հստակ ժամկետներ չնշեց` կրկնելով, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում: 

Թե հուշագիրն ինչպիսի տեսք կունենա, ի՞նչ բովանդակությամբ կլինի, Շարմազանով նորից մանրամասները չհայտնեց.

«Կհրապարակենք կտեսնեք, բայց ընդհանուր հարցերում արդեն եկել ենք համաձայնության։ Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, մեզ համար էականը պետության, հասարակության, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլական ունենալն է և քաղաքական կամքը՝ անշեղորեն գնալ այդ բարեփոխումների ճանապարհով»,- ասաց նա: