Առաջիկա ամիսներին Երևանը վերջապես կլուծի իր քաղաքային տրանսպորտի խնդիրը. Տարոն Մարգարյանը՝ Նոր Նորքում (տեսանյութ)
Մեր ծրագիրը ոչ թե խոստումներով է , այլ՝ իրատեսական․նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ից ներկայացված քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Իրատեսական ծրագիր է, քանի որ 4 տարի առաջ մեր թիմն օրուգիշեր աշխատել է՝ ավելի լավ Երևանը կյանքի կոչելու համար»,- ասաց նա՝ նշելով, բայց իր ասածը չի նշանակում, որ Երևանն ընդհանրապես չունի խնդիրներ:
Նրա խոսքով՝ այժմ եղած խնդիրները լուծելու համար պետք է ժամանակ, համբերություն, վստահություն և միասին կառուցելու կամք: «Մեր թիմը՝ փորձառու թիմը, բանիմաց թիմը, որը տարիներ շարունակ ծառայել է մեր երևանցիներին, մեր բնակիչներին, պատրաստ է շարունակելու իր ծառայությունը»,- ասաց նա:
Տարոն Մարգարյանը նշեց, որ չորս տարիների աշխատանքի արդյունքում իրենք ծանոթացել են խնդիրների հետ: Նա խոսեց նաև Երևանի կարևորագույն հիմնախնդիրը համարվող քաղաքային տրանսպորտի մասին: «Մենք մի քանի տարի առաջ մեր թիմով փորձեցինք մասամբ լուծումներ տալ, բայց դա չհաջողվեց: Մեր ընդդիմախոսները միշտ բարձրաձայնում էին, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ տրանսպորտը կվատանա, ճգնաժամ կլինի այդ ոլորտում: Մենք գիտակցում էինք, որ օր օրի տրանսպորտի վիճակը վատանալու է և դրա համար ժամանակավոր լուծումներ էինք փնտրում, բայց, քանի որ դա չլուծվեց, մենք մեր ձեռքերը ծալած չնստեցինք և փորձ ձեռք բերեցինք՝ միջազգային փորձ, այն զարգացած քաղաքների փորձը, որտեղ քաղաքային տրանսպորտը համարվում է լավագույնը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին իրենց հետ խորհրդատու կաշխատի, և Երևանն էլ, վերջապես, կլուծի իր քաղաքային տրանսպորտի խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում։










