Նրանք անընդմեջ հայհոյում էին և սեղմում Տիգրան Աթանեսյանի պարանոցը. ծեծված փաստաբանի օգնականը մանրամասներ է պատմել (տեսանյութ)

18:33 • 27.04.17

Ոստիկանության ծառայողները օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացնում Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում, որտեղ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանն այսօր հարձակման են ենթարկվել։

Այս մասին դեպքի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները պոլիէթիլենային տոպրակների մեջ էին դնում ծխախոտի մնացորդները և գետնից արյան հետքերից փորձանմուշներ էին վերցնում, որոնք ներառվելու են իրեղեն ապացույցների թվում:

Տիգրան Աթանեսյանի օգնական Աննա Մկրտչյանը, ով սկզբից մինչև վերջ ներկա է եղել միջադեպին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ներս են մտել 4 հոգի, իրեն առաջարկել են դուրս գալ, ինչին ի պատասխան Տիգրան Աթանեսյանը ասել է, որ ինքը դուրս կգա:

«Հետո միանգամից բորբոքվեցին և սկսեցին ծեծել Տիգրան Աթանեսյանին և նրա ընկերոջը՝ Արմեն Սողոմոնյանին: Քանի որ իրենք դռան մոտ էին, ես չէի կարողանում օգնություն կանչել: Նրանք անընդմեջ հայհոյում էին և ծեծում էին, սեղմում էին Տիգրան Աթանեսյանի վզից, մինչև որ նա կարողացավ հասնել դռանը և օգնություն կանչել»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ 4 անձինք ծեծի ընթացքում, բացի հայհոյանքից որևիցե այլ բառ չեն ասել, չեն նշել, թե ինչի պատճառով է նրանց «վրդովմունքը»:

Քննչական գործողություններից ավարտից հետո Տիգրան Աթանեսյանը հետաքննիչների ուղեկցությամբ գնաց ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ ցուցմունք տալու: Ինչ վերաբերում է Արմեն Սողոմոնյանին, Մկրտչյանը նշեց, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ՀՀ ՓՊ նախագահը փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասին հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, մեղավորները՝ պատասխանատվություն կրեն։