«Շերեմետևոյի» տերմինալներն իրար կկապի արագընթաց գնացքը
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի հյուսիսային և հարավային տերմինալային համալիրները կկապի արագընթաց գնացքը: Այդ մասին SkyService 2017 ֆորումում պատմել է մոսկովյան օդանավակայանում արտադրության հարցերով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Նիկուլինը, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ գնացքը շարժվելու է միջտերմինալային անցումով, որը կբացվի 2017 թվականի դեկտեմբերին: Թռիչքուղիների տակ ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դրա շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն կրճատել մարդկանց տեղաշարժի ժամանակը: Ճանապարհի ժամանակը կկազմի 2,5 րոպե ուղևորների համար և մեկ րոպե՝ ուղեբեռի:
«Թունելի թողունակությունը ժամում ավելի քան 1,8 հազար ուղևոր է, տարեկան 11,2 միլիոն ուղևոր»,- հայտարարել է Նիկուլինը:
Նա նաև հավելել է, որ շինարարության յուրահատկությունն այն է, որ աշխատանքները սկսվել են առանց թռիչքուղիների փակման:










