Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել

15:52 • 27.04.17

Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ քիչ առաջ հարձակման է ենթարկվել իր գրասենյակում։

Tert.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ սենյակում հարձակման պահին եղել է փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ:

«Հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող գործիքով»,-ասաց նա։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի զննություն:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով դեպքի վայրում է, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սենյակն «ամբողջովին արյան մեջ կորած է»։ Տիգրան Աթանեսյանը լուսանկար է հրապարկել ֆեյսբուքյան էջում, որտեղ երևում է դեպքի վայրը:

Tert.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի հետ, սակայն վերջիններս հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքից տեղեկություններ այս պահին չունի: