Այդ 4-ը և նրանց հետևում կանգնածները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության. ծեծված փաստաբան (տեսանյութ)
Այն անձինք, ովքեր անմիջական մասնակցություն ունեն Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի վրա կատարված հարձակմանը, ինչպես նաև նրանց հետևում կանգնածները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց այսօր իր գրասենյակում ծեծի ենթարկված փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում քունքի և պարանոցի շրջանում կային թարմ վերքեր, կապտուկներ ու արյունազեղումներ:
Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ նա ասել էր, որ հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։
Տիգրան Աթանեսյանը, ինչպես և նրա ընկեր Երվանդ Վարոսյանը պնդեցին, որ այս չորսի հետևում կանգնած է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ում հետ Տիգրան Աթանեսյանը մի խումբ համախոհ փաստաբանների հետ հրապարակային վեճերի մեջ է:
«Այդ չորս անձանց հետ ոչ մի հարաբերություններ չունեմ, իմ քննադատությունը ես միշտ հնչեցրել եմ հրապարակային: Սա էր պատասխանը Պալատում տիրող բարքերի, փաստաբաններ ապօրինի հետապնդումների, արտոնագրերից զրկելու փորձերի, հոդվածներ պատվիրելու, ընտրովի կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ իմ քննադատության: Բազմաթիվ են... կարող եք մտնել իմ ֆեյսբուքյան էջ և այդ ամենը կարդալ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Tert.am-ի այցելության պահին, հիշեցնենք, դեպքի վայրում հետաքննչական գործողություններ էին ընթանում՝ գետնի վրա թափված արյան նմուշառում և փաստաթղթավորում, լուսանկարահանում, ծխուկների և պոտենցիալ այլ իրեղեն ապացույցների հետազոտություն և հավաքում:
Իսկ Տիգրան Աթանեսյանի օգնական Աննա Մկրտչյանը ներկայացրել էր դեպքի մանրամասները, ինչպես են մտել, հանկարծակի բորբոքվել, սկսել ծեծել ու հայհոյել:
Տիգրան Աթանեսյանը, ևս, ինչպես իր օգնականը, նշեց, որ բացի ծեծելուց ու հայհոյելուց չի եղել ոչ մի պատճառ, ոչ մի խոսակցություն:
«Եկել էին հարձակման համար, եկել էին, որ ինձ վրա մենակ հարձակվեին, բայց բախտները չբերեց, Արմենն էր Սողոմոնյան նաև»,-մանրամասնեց փաստաբանը:
Անդրադառնալով ծեծի մանրամասներին՝ Տիգրան Աթանեսյանը մի քիչ հումորով պատմեց. «Հարվածողը Սիմոնը չէր, Վրեժ Խաչիկյանն է, որը սպորտսմեն է, սպորտսմենից հարված ստանալը… Այ, դրանից նեղված եմ»:
Հարցին, թե այդ ամենի հետևում տեսնո՞ւմ է Փաստաբանների պալատի նախագահին, այսուհանդերձ գոնե ձևական աջակցության զանգ նրա կողմից չի՞ եղել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց շատ կտրուկ. «Արա Զոհրաբյանը ինձ չի կարող զանգել երբևէ, և ես չեմ պատասխանի»։
Քանի որ հետաքննչական գործողությունները տեղի էին ունեցել մինչև աշխատանքային օրվա ավարտը, Տիգրան Աթանեսյանն այսօր չհասցրեց գնալ դատաբժշկական փորձաքննության, սակայն վաղը առավոտյան կգնա: Իսկ մինչ այդ ուղևորվեց Կենտրոնի ոստիկանական բաժանմունք:
Նշենք, որ գործընկերոջ գրասենյակ, ի աջակցություն, շտապում էին գալ բազմաթիվ փաստաբաններ, որոնք դատապարտում են կատարվածը:










