Խորհրդարանից դուրս մնացած ուժերի հետ բաց ենք ցանկացած երկխոսության. «Ելք» դաշինքի անդամ (տեսանյութ)

22:03 • 27.04.17

Նվազագույնը մենք կարող ենք ԱԺ–ում հասարակությանը հուզող ցանկացած հարց դարձնել քննարկման առարկա, դարձնել օրակարգի հարց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, նորընտիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ վստահեցնելով, որ կարող են բազմաթիվ օրենքների նախագծեր ներկայացնել, որոնք բխում են ազգային շահերից, և որոնց դեմ հակափաստարկներ բերելը կլինի շատ բարդ։ 

– Պարո՛ն Գորգիսյան, Դուք ԱԺ նորընտիր պատգամավոր եք և, ի տարբերություն Ձեր որոշ գործընկերների, խորհրդարանական լինելու փորձ չունենք։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունն Օրենսդիր մարմնում և առաջնայն ի՞նչ խնդիրների մասին եք խոսելու։

– Մեր գործունեությունը պատկերացնում ենք՝ որպես նշաձող վերցնելով մեր երկու պատգամավորների գործունեությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի։ Իրենք ցույց տվեցին, որ թեկուզ 2 մանդատը լծակ ու ուժ է։ Նախորդ գումարման ԱԺ–ում նրանք կարողացան անել ավելին, քան մի քանի ընդդիմադիր խմբակցություններ։

–Նորընտիր խորհրդարանում էլ ընդդիմությունը կրկին մեծ տոկոսներով չէ ներկայացված։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ձայնը հասարակությանը տեղ հասցնելու և քվեարկության վրա ազդելու գործընթացը։

– Նվազագույնը մենք կարող ենք ԱԺ–ում հասարակությանը հուզող ցանկացած հարց դարձնել քննարկման առարկա, դարձնել օրակարգի հարց։ Կարող ենք բազմաթիվ օրենքների նախագծեր ներկայացնել, որոնք բխում են ազգային շահերից, և դրանց դեմ հակափաստարկներ բերելը, հավատացնում եմ, կլինի շատ բարդ։ Այս սկզբունքով մենք կարող ենք առաջ տանել մեր գաղափարները, նախագծերը, նաև երկխոսելով, համոզելով բոլորին ում կարող ենք, ում պետք է, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր առաջարկները, նախագծերը։

– Սահմանադրության և ԸՕ փոփոխությունից հետո ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր թևից։ Ըստ Ձեզ ՝ ո՞վ կլինի ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչը, Ձեր կուսակցության ներկայացուցչին այնտեղ կտեսնե՞նք։

– Ճիշտն ասած, դեռ այդ հարցը չենք քննարկել։ Կկարծում եմ՝ ժամանակը ցույց կտա։ Առաջին նիստին դեռ 20 օրից ավել ժամանակ կա, մենք դեռ քննարկում չենք ունեցել։

– Հաշվի առնելով, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունի, հնարավո՞ր է՝  կոալիցիա կազմեք նրանց հետ՝ խորհրդարանում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։

– Սովորաբար կոալիցիա կազմում են իշխանություն ունենալու համար, բայց համագործակցություն, միանշանակ, կլինի։ Եթե չեմ սխալվում, պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքից։ Շատ նախագծեր, ինչու չէ, միասին կանենք և համատեղ քննարկումների ընթացքում կներկայացնենք, միգուցե նաև հաղթանակներ ունենանք։

–Ձեր դաշինքի վերաբերյալ հիմնական քննադատություններից էր այն, որ Դուք քննադատում էիք մրցակից ընդդիմադիր ուժերին։ Հիմա պատրա՞ստ եք արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցության։

– Մենք որևէ ընդդիմադիր ուժի չենք քննադատել, չենք քարկոծել, հակառակը՝ մեզ վրա եղան հարձակումներ, որոնց մենք պատախանեցինք՝ և՛ քարոզարշավի, և ՛ հատկապես ընտրության արդյունքներից հետո։ Եղան ուժեր, որոնք հասկացան, որ իրենց քաղաքական գործունեությունը սպառված է և որպես վերջին ճիչ որոշեցին մեկին էլ փնովել ու հարթակից հեռանալ։ Որոշ դեպքերում, երբ պարզապես լրագրողները մեզ ստիպեցին անդրադառնալ, մենք անդրադարձանք։ Ինչ վերաբերում է խորհրդարանից դուրս մնացած ուժերին ու գործիչներին ասեմ, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման ու երկխոսության համար։ Գործիչներն, ովքեր կունենան ծրագրեր, հետաքրքիր մտքեր, կունենան մեր աջակցության կարիքը, ապա մենք սիրով կլսենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ՀեղինակԱնի Օհանյան