Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա է եղել Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը։
Պաշտոնյան իր ելույթում հույս է հայտնել առ այն, որ մի օր Իսրայելը կհետևի մյուս պետությունների օրինակին ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բացի այդ, Մոմջյանն իր համերաշխությունն է հայտնել Հոլոքոստի բովով անցած հրեա ժողովրդին:
Երուսաղեմի հայկական պատրիարքարանի անունից հանդես եկող հայր Սամուել Աղոյանը նկատել է, որ «մինչ հայերին կոտորում էին, աշխարհը լռում էր»:
«Աշխարհը լռում էր ու սարսափելի գործողություններին վերջ տալու համար նույնիսկ փորձ չէր անում. արդյունքում զոհվեց 1.5 մլն հայ: Այսօր Թուրքիան շարունակում է ժխտել իր նախնիների գործած հանցանքը՝ բավականաչափ քաջություն չունենալով առերեսվել Հայոց ցեղասպանության պատմական փաստին:
Բայց աշխարհը դասեր չի քաղել անցյալից ու չի փոխվել 1915թ. ի վեր: Այսօր էլ մենք ականատես ենք լինում աշխարհի տարբեր անկյուններում իրագործվող ցեղասպանություններին: Հզոր պետությունները փակում են աչքերն ու լռությամբ թույլ տալիս, որ կատարվի այն, ինչ կատարվում է»,-նշել է հայ հոգևորականը:










