Քաղաքական ուժեր կան, որ ԱԺ չանցնելու մեղավորությունը փնտրում են «Ելքի» մեջ, այնինչ մարդկանց հավաքել են, ամբիոնը դրել և ելույթ ունեցել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:41 • 28.04.17

Քաղաքական ուժեր կան, որ Ազգային ժողով չանցնելու մեղավորությունը փնտրում են «Ելքի» մեջ, այնինչ մարդկանց հավաքել, տարել են, ամբիոնը դրել և ելույթ են ունեցել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, ապրիլի 2-ի ընտրություններում պատգամավորական մանդատ ստացած Արամ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է «Ելքը» լեգիտիմ համարում իշխանություններին:

«Սա իշխանությունների կողմից նետված խայծ է, որի մեկնաբանությունները տարբեր կերպ կարելի է տալ: «Ելք»-ը հայտարարություն է տարածել, որում հստակ նշել է, որ այս-այս խնդիրները կան, բայց մենք չենք կարող նաև չամրագրել, որ հանրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ իր տեսակետը հայտնել է և որ անկախ ճնշումներից, որոնք միանշանակ եղել են, անկախ փողը բաժանելուց, փաստացի այսօրվա թվերը, որոնք ներկայացրին ընտրություններից հետո, ցույց են տալիս հանրության իրական վիճակը»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ իր համար իշխանությունները երբևէ ընկալելի չեն եղել, հանրության վստահությունը չեն վայելել, բայց այլ խնդիր է, որ հանրությունը, ճնշումների ենթարկվելով, ընտրակաշառք վերցնելով, գնացել ու քվեարկել է իշխանության օգտին, որովհետև քվեախցիկում նրանք հանգիստ կարող էին չքվեարկել իշխանության օգտին:

«Ինչ կա անելու, մենք արել ենք: Մենք սպասելիք ունենք ժողովրդից, թող իրենք գան քվեարկեն, մենք կպահենք այդ քվեն մեր հնարավորության չափով: Սա է»,- նշեց Ա. Սարգսյանը:

Դիտարկմանը, թե մտահոգություն կա, որ վերջին պահին կհամագործակցեն իշխանությունների հետ, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մարդկանց որոշակի քանակ, նաև քաղաքական կուսակցությունների ահռելի թիվ, այս ամենի մեջ փորձում է մեղավոր գտնել «Ելք»-ին, այն դեպքում, երբ իրենք չեն աշխատել, երբ ընտրապայքարի չեն եկել, նույն մարդկանց հավաքել, տարել են, ամբիոնը դրել են, նույն մարդկանց համար ելույթներ են ունեցել: Երբ այս Ընտրական օրենսգիրքը ընդունվում էր, իրենք ասում էին, թե դարի խնդիր է, որ լուծեցինք, որ 70 տոկոս խախտումներ չեն լինելու, հիմա կանգնել են փաստի առաջ: Երբ մարդու միջից վերանում է մարդկայինը, մնում է նեղացած քաղաքական գործիչը, այդ մարդը այդպես էլ պիտի ասի: Փոխանակ հաշվեն իրենց ստացած քվեները, հաշվում են «Ելք»-ի ստացած քվեները: Ո՛չ Նիկոլ Փաշինյանն է իշխանության հետ համագործակցել, դրա համար էլ բանտերով է անցել, ի տարբերություն էդ ասողների, ո՛չ ես եմ երբևէ համագործակցել, դրա համար էլ ամեն ինչ կորցրել եմ, ունեցել եմ չէ՞ սեփականություն, բայց կորցրել եմ, ո՛չ Էդմոն Մարուքյանն է դրանով անցել: Հասկանում եմ՝ խայծ է, դրված էր, սկզբից ՕՐՕ-ն ասեց, հետո միացավ ՀԱԿ-ը, հետո մյուսները…»:

Խնդիրը, ըստ Արամ Սարգսյանի, ոչ միայն քաղաքական խանդի պատճառն է, այլև՝ քաղաքական վերլուծության ու դասեր չքաղելու բացակայությունը, ինչի արդյունքում էլ ասում են, թե «մենք չանցանք, այ ոնց է, որ իրենք անցել են, ուրեմն իշխանությունների հետ են»:

«Նախորդ ընտրություններում էլ իրենք էին անցել, ինչ է՝ իշխանության հե՞տ էին…»,- հավելեց Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: