Վերից վար սուտ է. Տիգրան Աթանեսյանը փաստաբանների միջադեպի՝ Սիմոն Բաբայանի մեկնաբանությունների մասին
Վերից վար սուտ է. Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Սիմոն Բաբայանի մեկնաբանությանը, թե երեկ տեղի ունեցած միջադեպը հրահրել է Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի, Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի ու Գևորգ Մկրտչյանի միջև։ Գործի առնչությամբ այսօր կարգապահական վարույթներ են հարուցվել նշված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ։ Փաստաբանների պալատի նախագահն էլ վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
«Իրենք եկել են հարձակման և հիմա ուզում են արդարանալ, ինչ ասել են՝ սուտ է»,-ասաց Աթանեսյանը և պնդեց, թե իր կողմից հայհոյանք չի հնչել:
«Ես ոչ մի բան չեմ ասել, սա շատ վաղուց էր ծրագրավորված. ինչ-որ մի առիթ են փնտրել և իրականացրել են այն, ինչ ուզում են՝ Արա Զոհրաբյանի հանձնարարությամբ և կազմակերպմամբ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կան պնդումներ, որ սոցցանցերում Աթանեսյանը հայհոյախառն գրառումներ է կատարում, փաստաբանն ասաց, որ անձի անուն չի նշվել. «Բայց եթե ինքը ենթադրել է, որ կարող է իրեն վերաբերել, դա արդեն այլ խնդիր է, կարող եք իրեն հարցնել: Բայց եղել է հարձակում, մտել են և միանգամից հարձակվել: Սուտ է, չեն եկել խոսակցության համար, եկել են հարձակման»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանն անդրադարձավ նաև Սիմոն Բաբայանի այն հայտարարությանը, որ երեկվա միջադեպի հետևանքով դիմածնոտային կոտրվածք է ստացել իր հետ Աթանեսյանի գրասենյակ ժամանած Արսեն Հարությունյանը. «Ես շատ կուզեի, որ դա ճշմարտություն լիներ, բայց, ցավոք, այդպես չէ՝ հանկարծակի է եղել հարձակումը, չենք հասցրել մարդավարի դիմադրել»:










