Հայաստանը մամուլի ազատության զեկույցում զբաղեցրել է 137-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 2 հորիզոնականով առաջընթաց գրանցելով. Freedom House
Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։
Փորձագետները գնահատել են 199 երկրների զանգվածային լրատվամիջոցները 0-100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ:
«2017 թվականի մամուլի ազատության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 63 միավորով, և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում: Անցած տարի Հայաստանը 63 միավորով զբաղեցնում էր 139-րդ տեղը: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային:
Զեկույցում հիշատակվում է, որ Հայաստանն ընդհանուր ազատությունների մակարդակով մասամբ ազատ երկրների ցանկում է, իսկ համացանցի ազատությամբ՝ ազատ երկրների ցանկում:
Ադրբեջանն ու Իրանը կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ 163-րդ տեղը՝ 76 միավորով: Ռուսաստանը հայտնվել է 174-րդ տեղում՝ 83 միավորով: Այս երկրները, ինչպես նաև Բելառուսը, նույնպես գտնվում են «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:
Վարկանշային ցանկում Վրաստանը զբաղեցրել է 102-րդ տեղը՝ 50 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և ցույց տալով տարածաշրջանում լավագույն արդյունքը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, տարածաշրջանի համեմատությամբ անգամ ավելի ժողովրդավարական երկրներում իշխանությունների վերաբերմունքը ԶԼՄ-ների հանդեպ մտահոգիչ է մնում: Հայաստանում անվտանգության ուժերը ցույց են տվել մամուլի հանդեպ իրենց հարգանքի բացակայությունն ամռան ընթացքում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ՝ հարձակման ենթարկելով մի շարք լրագրողների, որոնք լուսաբանում էին ցույցերը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ աշխարհում մամուլի մակարդակը գտնվում է վերջին 13 տարիների ընթացքում ամենացածր մակարդակի վրա։
Զեկույցի համաձայն՝ աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում: Բնակչության 45 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ լրատվական միջավայրն անազատ է: Աշխարհի 10 ամենացածր վարկանիշն ունեցող երկրների և տարածքների թվում են Ադրբեջանը, Ղրիմը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
Տարվա ընթացքում մամուլի ազատության հարցում ամենամեծ անկումները գրանցվել են Լեհաստանում, Թուրքիայում, Բուրունդիում, Հունգարիայում, Բոլիվիայում, Սերբիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:










