Ռուսաստանում 9-ամյա տղան հրդեհի ժամանակ թռել է պատուհանից ու փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)
Ռուսաստանի Տոմսկ քաղաքի բնակիչները կարողացել են համատեղ ջանքերով փրկել բնակելի շենքի այրվող բնակարանի պատուհանից ցատկած 9-ամյա տղային՝ մինչ հրշեջ ծառայության դեպքի վայր հասնելը:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, 5 քաղաքացիները ձգել են գովազդային պաստառի վրա ամրացված ծածկոցը, որի վրա էլ ցատկել է տղան, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հաջողվել է փրկել:
9-ամյա տղայի կյանքը փրկած քաղաքացիներից Վադիմ Պոլովկինը պատմել է, որ ծածկոցն ապահովել է երեխայի ավելի մեղմ վայրէջքը, իսկ իրադարձությունները զարգացել են վայրկյանների արագությամբ:
«Մենք նոր էինք հասցրել ձգել ծածկոցը, երբ տղան դուրս թռավ պատուհանից», - պատմել է Պոլովկինը:
Փրկարարական գործողությանը մասնակցած Վադիմ Պոլովկինը, Կիրիլ Տերենտևը, Գալինա և Ռոման Կուլիկովներն արժանացել են Տոմսկի քաղաքապետի գովասանքին ու շնորհակալական խոսքին, քաղաքապետն առաջարկել է նրանց «Քաղաքի տարվա մարդ» ճանաչել:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս պարզվում են:










