Առաջին հայհոյողը և հարվածողը Տիգրան Աթանեսյանն է եղել. փաստաբան Սիմոն Բաբայան (տեսանյութ)

12:51 • 28.04.17

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ստահոդ տեղեկություններ է տարածում, ես Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարձակում չեմ գործել, այդպիսի մտադրություն չեմ ունեցել, հակառակը` մեր նկատմամբ է հարձակում տեղի ունեցել։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ գնացել էր Տիգրան Աթանեսյանի գրասենյակ՝ պարզելու, թե ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իր մասին վիրավորական արտահայտություններ գրառում, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում իր և ընտանիքի հասցեին։

«Ցավում եմ կատարվածի առթիվ և դատապարտում եմ նմանատիպ իրավիճակը։ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանն ու Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց անձնական էջերում բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, գործընկերներիս։ Գնացինք իր գրասենյակ՝ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի պարզաբանում ներկայացնել, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն ու եղավ այն, ինչ եղավ։ Բնականաբար, ես հակադարձեցի իրեն, ստեղծվեց քաշքշուկ, որը տևել է ընդամենը մեկ րոպե», - մանրամասնեց փաստաբանը։

Նա շեշտեց՝ քաշքշուկի հետևանքով դիմածնոտային վնասվածք է ստացել նաև Արսեն Հարությունյանը, որն այժմ խոսել չի կարողանում, քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել։ Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն Քննչական կոմիտե։

Նա վստահեցրեց, որ Տիգրան Աթանեսյանի գրասենյակ գնալիս տղայական պարզաբանումների խնդիր չի ունեցել, առաջին հայհոյողը և հարվածողը եղել է Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ իր գրասենյակում հարձակման է ենթարկվել, հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։