Տեղի ունեցածն անթույլատրելի է, հասարակության աչքում ստացվում է, որ փաստաբանները հարցերը լուծում են գլադիատորական ձևով. Ա. Զոհրաբյան (տեսանյութ)
Կարգապահական վարույթներ են հարուցվել բոլոր այն փաստաբանների նկատմամբ, որոնք եղել են երեկվա միջադեպի մասնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ։ Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց մարդու արժանապատվությունը անքակտելի իրավունք է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով։
Արա Զոհրաբյանն ասաց, որ անձամբ մամուլում կարդացել է, թե սեռական բնույթի ինչ հայհոյանքներ է հղել Տիգրան Աթանեսյանը սոցիալական ցանցում՝ Սիմոն Բաբայանի հասցեին։
«Ես անձամբ կարծում եմ, որ սեռական բնույթի հայհոյանքների համար պետք է քրեական պատիժ սահմանել»,-շեշտեց նա։
Նա նաև նշեց, որ դեռևս չի կարողանում եղածը մարսել, փաստաբանների վարկանիշը տուժում է։
«Հասարակության աչքերում ստացվում է, որ փաստաբանները գլադիատորական ձևով հարցեր են փորձում լուծել»,-շեշտեց նա։
Նա ընդգծեց, որ այսուհետ ավելի խիստ են հետևելու փաստաբանների վարքագծին, միջամտելու են, եթե սեռական բնույթի հայհոյանքներ լինեն, մարդու արժանապատվությանը վիրավորեն, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի։
Արա Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ այս միջադեպի հիմքում կանգնած չէ։ Ըստ նրա՝ պարզապես իր ընդդիմախոսները նման հայտարարություններ են տարածում։
« Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին, ներշնչել եմ, որ Սիմոն Բաբյանը գնա, պարզի՝ ինչո՞ւ է հայհոյել»,-ընդգծեց նա։
Արա Զոհրաբյանն ասաց, որ ամեն ինչ անելու է, որ կողմերը հաշտվեն։
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ իր գրասենյակում հարձակման է ենթարկվել, հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։
Իսկ այսօր մամուլի ասուլի ընթացքում Սիմոն Բաբայանը հայտարարեց, որ Տիգրան Աթանեսյանը ստահոդ լուրեր է տարածում՝ առաջին հայոյողը և հարվածողը Տիգրան Աթանեսյանն է եղել։










