ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները դեռևս վերջնական փուլում են. Գագիկ Մինասյան
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունում դեռ չի քննարկվել, թե ով է նշանակվելու Ազգային ժողովի նախագահ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ չի քննարկվել նաև, թե ՀՀԿ-ն ում է առաջադրելու ԱԺ մեկ փոխնախագահի պաշտոնում:
Հարցին՝ վերջնաժամկետ չկա՞, թե երբ պետք է ԱԺ նախագահի պաշտոնում նշանակում կատարվի, Մինասյանը հորդորեց սպասել առաջին նիստին՝ նշելով, թե այդ ժամանակ էլ կհայտնեն խորհրդարանի նախագահի ու փոխնախագահի անունները:
Իսկ, թե ի՞նչ փուլում են ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու գործընթացի շուրջ բանակցությունները, որոնք ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի բնութագրմամբ «վերջնական փուլում են», Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Հենց այդ փուլում էլ գտնվում ենք»: Հարցին՝ ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը, ՀՀԿ-ականը չհամաձայնեց՝ ասելով, որ նման բան գոյություն չունի:
Tert.am-ը հետաքրքրվեց նաև՝ ՀՅԴ-ՀՀԿ միջև ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը փոփոխությունների կենթարկվի՞, Գագիկ Մինասյանն այսպես պատասխանեց. «Երբ փաստաթուղթը վերջնական կլինի, այն ժամանակ էլ պարզ կլինի՝ կան փոփոխություններ, թե չկան»: Ճշտող հարցին՝ մշակվում է նո՞ր փաստաթուղթ, Մինասյանը կրկնեց, թե երբ փաստաթուղթը վերջնական կլինի, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, դրանում կան փոփոխություններ, թե չկան:










