Դրամային և հատկապես արտարժութային ավանդների տոկոսադրույքների նվազում կա. Հերմինե Հարությունյան

22:54 • 29.04.17

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով նկատվում է ավանդների ներդրման կտրուկ աճ, բարձր է նաև երաշխավորված ավանդների կշիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Ըստ նրա՝ այդ աճը հավանաբար պայմանավորված է նաև նրանով, որ ավանդատուներին հաշվվում են տարբեր բանկերով: Բայց ընդհանուր ավանդներում երաշխավորված ավանդների կշիռը կազմում է շուրջ 40 տոկոս:

«Մյուս 60 տոկոսը, որ չունեն ավանդների հատուցման երաշխավոր, կամ բանկերի ղեկավարներն են, օրինակ, դրանք համարվում են չերաշխավորված, կամ 10 միլիոնը գերազանցող ավանդ է, իսկ համակարգը ստեղծված է, որպեսզի տեղեկացնի քիչ տեղեկացված, փոքր ավանդատուներին»,- նշեց Հերմինե Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ֆիզիկական անձանց թիվը ևս աճել է: Սկզբում իրականացնում են երաշխիքային վճարների հավաքագրման պրոցեսը, հետո նոր ամփոփում, բայց դրանից արդեն ակնհայտ է, որ ֆիզիկական անձանց գումարները բանկերում շարունակել են աճել:

Հիմնադրամի ղեկավարը պարզաբանում է, որ այս ամենը բանկերի կայուն գործելակերպի արդյունքն է, բայց այստեղ կարևոր է նաև Ավանդները երաշխավորող հիմնադրամի մասին տեղեկացվածությունը, որը  գնալով ավելանում է, իսկ դա նպաստում է, որ քաղաքացիներն իրենց գումարները ներդնեն բանկերում, երբեմն կիսում են տարբեր բանկերում:

«Ընդհանուր առմամբ, ավանդների տոկոսադրույքների նվազում ևս նկատվում է: Ընդհանուր բանկային համակարգում, նախորդ տարվա հետ համեմատած, դրամային և առավել ևս արտարժութային ավանդների տոկոսադրույքների նվազում կա: Այստեղ, իհարկե, նպաստում են նաև մնացած ֆինանսական ցուցանիշները»,-ասաց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրենը:

Ավանդատուների ավելի քան 98 տոկոսը մինչև 10 միլիոն դրամ ներդրողներն են: «Հարևան երկրներից կան, որ չունեն էլ ավանդների երաշխավորման այնպիսին համակարգ, ինչպիսին մերն է, իսկ մյուսների հետ մենք որոշ ցուցանիշներ ուղղակի համադրում ենք, փորձում ենք լինել առաջամարտիկ»,– ավելացրեց Հերմինե Հարությունյանը: