Չգիտեմ՝ որևէ մեկին հաջողվե՞լ է այսքան շատ բան անել 100 օրվա ընթացքում. Թրամփը խոսել է իր վերընտրվելու շանսերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, նախագահական առաջին ժամկետի ավարտից հետո նա կվերընտրվի։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Հուսով եմ, որ մեր գործերն այնքան լավ կընթանան, որ ես կկարողանամ հեշտորեն վերընտրվել և վայելել այն ամենի պտուղները, ինչին հասել ենք։ Հնարավոր է, որ դրա համար պահանջվի ավելի շատ ժամանակ։ Սակայն, կարծում եմ, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, չգիտեմ՝ որևէ մեկին հաջողվե՞լ է այսքան շատ բան անել 100 օրվա ընթացքում։ Սակայն ես միշտ ասում եմ, որ իմ նախագահությունը կլինի 8 տարի, այլ ոչ 4»,- ասել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչպես է փոխվել իր կյանքը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նա ասել է. «Ես ունեի գոնե մի քիչ անձնական կյանք, այժմ ես այն չունեմ»։
Հիշեցնենք, որ ամերիկյան NBC հեռուստաընկերության և The Wall Street Journal պարբերականի համատեղ անկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը:
Թրամփի նախագահության առաջին 100 օրվա արդյունքների համաձայն՝ նախագահի վարկանիշը 1945թ. սկսած ամենացածրն է:
Ապրիլի 23-ին հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 40%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը, մինչդեռ 54%-ը դեմ է:










