Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ցրտահարության հետևանքով բերք չի լինի. Պտղավանի գյուղապետ
Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ապրիլի 28-ի ցրտահարությունից հետո հույս չկա, որ գյուղում բերք կլինի, որ գյուղացիներն էլ կարողանան իրենց վերցրած վարկերը մարել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը: Ըստ նրա՝ դեռ հստակ հաշվարկ չկա, թե գյուղացիների կրած վնասը որքան է կազմում:
«Հանձնաժողովը ստեղծել ենք, ուսումնասիրում ենք, չափը կճշտենք, կներկայացնենք կառավարությանը։ Նախնական տվյալներով ՝ Կեռասի, դեղձի, սալորի ծառերն են վնասվել, արդեն ցրտահարված շիվերը սևացել են։ Պարզ երևում է և ակնհայտ է՝ այս տարի բերք չեն տա, եթե անգամ գյուղացին պատշաճ խնամի։ Մնում է սպասել մյուս տարվան»,- շեշտեց նա:
Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաև բանջարաբոստանային կուլտուրաները:
«Ովքեր կարտոֆիլ են ունեցել՝ 100 տոկոսանոց վնաս են կրել, այլ գյուղերում ևս վնասեր են եղել, բայց մեզ մոտ ավելի շատ, քանի որ ցածրադիր է»,- ասաց գյուղապետը:
Նա ընդգծեց նաև, որ վնասի չափը վերջնական ճշտելուց հետո գուցե դիմեն կառավարություն, որպեսզի գյուղացիների վարկերի մարման մասով հետաձգումներ լինեն:
«Տեսնենք՝ ինչ կլինի, բայց կրկնեմ՝ գյուղացիների ողջ աշխատանքը ջուրն է լցվել»,-եզրափակեց գյուղապետը










