Դաղստանցի ԻՊ ահաբեկչի երկու աղջիկներին հաջողվել է ետ բերել Ռուսաստան

13:44 • 30.04.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, ծնունդով Դաղստանից Հաբիբի երկու անչափահաս դուստրերին վերջապես հաջողվեց ետ բերել հայրենիք` Մախաչկալա,. այս մասին հայտնում է life.ru-ն:

Դեռևս երկու տարի առաջ Հաբիբը որոշել էր մեկնել Սիրիա` ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում պատերազմելու նպատակով: Մինչդեռ դաղստանցի իսլամիստ ծայրահեղականին հաջողվեց հասնել միայն Թուրքիա:

Ընտանիքն այնտեղ որևէ ապրուստի միջոց կամ կացարան չուներ. քնում էին որտեղ պատահի` երբեմն բարի մարդկանց տանը, երբեմն էլ `դրսում: Այդ ընթացքում երեխաներից մեկի առողջությունը խիստ վատացել էր. նրա երիկամներում քար էին հայտնաբերել, ինչից հետո հայրը կապ էր հաստատել Մախաչկալայում գտնվող իրենց ազգականների հետ և խնդրել տեղափոխել երեխաներին Դաղստան: 

Տևական ժամանակ գործընթացը ձգձվում էր, քանի որ երեխաները չունեին համապատասխան փաթաթղթեր: Ի վերջո նրանց տատիկը` Հաբիբի կնոջ մայրը դիմեց Դաղստանում երեխաների իրավունքների ու խնամակալությամբ զբաղվող համապատասխան մարմիններին, որոնց էլ հաջողվեց դարձնել տատիկին երեխաների պաշտոնական խնամակալ ու բերել Մախաչկալա: 

Երկու աղջիկներին Մախաչկալայի օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով ու փուչիկներով, երեխաներին սպասվում են բժշկական մի շարք ստուգումներ և տեսակցություններ հոգեբանների հետ:

Հաբիբը, սակայն, Դաղստան վերադառնալու մտադրություն չունի, քանի որ գտնվում է հետախուզման մեջ: Ռուսաստան վերադառնալու պարագայում նրան սպառնում է ազատազրկում` ՌԴ տարածքում արգելված ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: