Ինդոնեզիայում 146 տարեկանում մահացել է «աշխարհի ամենատարեց մարդը»

21:03 • 01.05.17

Ինդոնեզիայի Ճավա կղզում 146 տարեկան հասակում մահացել է Սապարման Սոդիմեջոն, որը համարվում էր աշխարհի ամենատարեց մարդը, սակայն պաշտոնապես այդ տիտղոսը գրանցված չէր:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ինդոնեզացին հիվանդանոց է տեղափոխվել ապրիլի 12-ին, սակայն վեց օր անց պահանջել է, որ իրեն տուն տեղափոխեն: Երկարակյաց տղամարդու թոռը պատմել է, որ այդ ժամանակվանից ի վեր նա գրեթե ոչինչ չի կերել ու չի խմել:

Սոդիմեջոյի իրական տարիքը պարզել հնարավոր չի եղել, քանի որ նա ծնվել է մինչև 1900 թվականը, երբ Ինդոնեզիայում սկսել են ծնելիության հաշվարկ կատարել: Սակայն նրա փաստաթղթերում, որը ստացել է 2014-ին, ծնդդյան թիվ է նշվում 1870 թվականի դեկտեմբերի 31-ը:

Տղամարդը 4 կին է ունեցել, որոնք բոլորն էլ մահացել են: Նրա քույրերն ու եղբայրները, ինչպես նաև բոլոր երեխաները նույնպես մահացել են: Նա ապրում էր թոռների հետ, որոնց շրջապատում էլ նշել էր 146-ամյակը: