Կոչ ենք անում կուսակցություններին կանգնել մեր կողքին և վերաթողարկել գործարանը. «Նաիրիտի» աշխատակիցների ներկայացուցիչ

12:46 • 01.05.17

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների իրավունքների պաշտպանության խմբի անդամ Անահիտ Մանուկյանը դժգոհ է ՀՀ-ում գործող քաղաքական կուսակցությունների՝ գործարանի հարցում որդեգրած գործելաոճից ու դիրքից: Այսօր աշխատավորների իրավունքներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նա նշեց, թե քաղաքական ուժերն անտարբեր են տնտեսական հսկայի վերաթողարկման հարցում։

««Նաիրիտի» աշխատակիցները պայքարում են իրենց իրավունքների և գործարանի վերաթողարկման համար և քննադատորեն են մոտենում այս հարցում կուսակցությունների գրաված դիրքին։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են ՀՀ տնտեսության զարգացմամբ, արդյունաբերությամբ, կանգնել գործարանի աշխատողների կողքին, որը կարող է թափ տալ ՀՀ-ի տնտեսությանը»,- ասաց նա:

Անահիտ Մանուկյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր ասում են, թե «Նաիրիտը» շահույթով չի աշխատում, բայց նա վստահեցրեց, որ գործարանը լիարժեք աշխատեցնելու դեպքում կլինի այդ շահույթը:

«Դրա համար խնդրում եմ քաղաքական դաշտում գտնվող բոլոր կուսակցություններին միանալ մեզ, որ «Նաիրիտը» աշխատի, հակառակ դեպքում՝ «Նաիրիտ» գործարանն անվերադարձ կվերանա»,-ասաց նա: