Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ. Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենում (տեսանյութ)
Համոզված եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան: Այս մասին այսօր Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մեր նախընտրական ծրագրում մանկապարտեզների, մշակույթի տների, կրթական օջախների վերանորոգման շարունակությունն ենք իրականացնելու: Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, միշտ բարձրացրել ենք հարցը, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Հիմա կարող եմ ասել, որ ունենք այդ պայմանները, ունենք այդ հնարավորությունը, արդեն մեկնարկը տվել ենք, Նուբարաշենը կունենա իր հաջորդ մանկապարտեզը: Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Վերջինս նշեց, որ առաջիկա տարիներին նախատեսված է Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը լուծել: Մարգարյանը խոստովանեց, որ փորձել են նախորդ երեք տարիներին մասամբ լուծել խնդիրը, բայց չի հաջողվել։
«Հանգիստ տեղներս չենք նստել, գիտակցել ենք, որ տրանսպորտի ոլորտը ճգնաժամ է ունենալու, ուստի ուսումնասիրել ենք միջազգային փորձը, վարձել ենք խորհրդատուներ, ովքեր մեկ-երկու ամսում կներկայացնեն ծրագիր, թե ոնց ենք դա իրականություն դարձնելու: Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ, մենք կարողանալու ենք նորմալ սպասարկում իրականացնել: Սա անելու ենք ոչ թե մեկ-երկու երթուղիներ ավելացնելով, այլ համակարգը բարելավելով՝ միասնական տոմս, ամբողջությամբ թարմ ավտոբուսներ»,- հայտնեց Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ Երևանում քաղաքային տրանսպորտը չի զիջի որևէ զարգացած երկրի:
Միաժամանակ, քաղաքապետն ասաց, որ սա ամենևին չի նշանակում, որ Նուբարաշենում չկան խնդիրներ: Այդ խնդիրներն, ըստ Տարոն Մարգարյանի, լուծվելու են բնակիչների հետ միասին:
«Մենք տարին հինգ-վեց անգամ այցելում ենք Նուբարաշեն, շփվում բնակիչների հետ, լսում իրենց բարձրացրած հարցերը: Մեզ անհրաժեշտ է ժամանակ, և վստահ եղեք, որ այդ հարցերը կլուծենք»,- ասաց Տարոն Մարգարյանը:










