Հս. Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի ատոմային սուզանավը

13:26 • 01.05.17

Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ սպառնալիքի առաջացման դեպքում պատրաստ է հարձակվել ամերիկյան USS Michigan ատոմային սուզանավի վրա ու խորտակել այն:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Հյուսիսային Կորեան ամերիկյան ատոմային սուզանավի ժամանումը հարավկորեական Պուսան նավահանգիստ մեկնաբանել է որպես ռազմական ահաբեկման ակտ:

«Դա մեր երկրի դեմ ուղղված բացահայտ մարտահրավեր է, ռազմական սադրանք, որի հետ չի կարելի հաշտվել: Եթե USS Michigan-ը փորձվի տեղից շարժվել, այն դաժան ճակատագրի կարժանանա ու էլ երբեք ջրի երես դուրս չի գա»,-ընդգծել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը:

Հայտնի է, որ ամերիկյան ատոմային սուզանավը Հարավային Կորեա է հասել ապրիլի 25-ին: Այն համալրված է «Tomahawk» հրթիռներով:

Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակի ֆոնին Ճապոնիան պատրաստվում է գործարկել իր ամենամեծ ավիակիրը՝ երկրի ծովային ինքնապաշտպանական ուժերին պատկանող «Իձումո» ռազմանավը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է, որ եթե Փհենյանը շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերն ու զարգացնի երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, հետևանքներն աղետալի կլինեն: Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը քննարկում է Փհենյանին կանգնեցնելու համար բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում նաև ռազմական: 


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել: 

Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:

Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել: