Ես և Մելիքյանը հետևում ենք Դոնովան Փարիզյանին և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյան
ՀՖՖ դեսպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ИнсайдЯН տելեգրամյան ալիքի հետ զրույցում պատմել է, թե արտերկրում հանդես եկող որ ֆուտբոլիստի խաղին է ակտիվորեն հետևում և ում են նախատեսում առաջիկայում հրավիրել ազգային ընտրանի։
Խոսքը ամերիկյան «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հայազգի դարպասապահ Դոնովան Փարիզյանի մասին է։ Մովսիսյանը նշել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ուսումնասիրում են նրա խաղը․
«Ինձ շատ են դուր գալիս նրա տվյալները։ Ակտիվորեն հետևում եմ նրան։ Այո, նա «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հիմնական դարպասապահը չէ և խաղում է երկրորդ թիմում։ Բայց սեպտեմբերին Դոնովանը գավաթային խաղում հանդես է եկել հիմնական թիմի կազմում՝ անցկացնելով հիանալի հանդիպում և հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում կատարելով երկու սեյվ։
Առայժմ չեմ խոսել նրա հետ, բայց հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհաջողվի դա անել։ Դոնովանն իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է։ Հուսով եմ, որ շուտով կկարողանանք նրան ևս ներգրավել Հայաստանի հավաքական»,- ասել է Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց Յուրա Մովսիսյանի անմիջական ջանքերով և նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականը համալրեց ևս մեկ հեռանկարային ֆուտբոլիստ՝ MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա խաղացող Հարվի Սարաջյանը։ Վերջինս եղել է նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականի ցուցակում, սակայն նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 12-ին, Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի ընտրանուն (սկիզբը՝ 21:00-ին)։













