Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը՝ Քալաշ Սլոյանը. որդու զոհվելուց հետո նա 2 անգամ կաթված էր ստացել
Երեկ՝ ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քալաշ Սլոյանը:Tert.am –ին այս մասին հայտնեց Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը:
«Վատ զգաց, երկու անգամ կաթված էր ստացել ախպորս դեպքից հետո, ախպորս տարուն իրան վատ զգաց, չեկավ գերեզմաններ, հետո եկանք՝ վատ էր, տարանք հիվանդանոց, երկու օր մնաց ու ...»,- պատմեց Քյարամի եղբայրը։
Համիկ Սլոյանը հայտնեց, որ հայրը թաքուն բացել էր եղբոր դագաղն ու «վախը մտել էր մեջը, ուտում էր իրեն»:
Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը, նա կթաղվի որդու գերեզմանի մոտ:
Նշենք, որ Քյարամ Սլոյանը ծնվել էր 1996 թվականի ապրիլի 27-ին: 2016 թվականի ապրիլի մեկի լույս ապրիլի 2-ի գիշերը ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկին զոհվել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակցելիս: Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։










