Թաիլանդում «Աէրոֆլոտ»-ի օդանավը հայտնվել է տուրբուլենտության գոտում. տուժել է 25 ուղևոր
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավերից մեկը Թաիլանդում հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, տուժածներից 6-ը հրաժարվել են հոսպիտալացումից:
«Հոսպիտալացվել է 19 մարդ: Մնացած ուղևորները ստացել են անհրաժեշտ օգնություն ու հրաժարվել հետագա հոսպիտալացումից»,-մանրամասնել է քաջատեղյակ աղբյուրը:
Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ Մոսկվայից Թաիլանդ ուղևորվող օդանավը նախքան Բանգկոկի օդանավակայանում վայրէջք կատարելը հայտնվել է տուրբուլենտության գոտում: Հայտնի է, որ ամրագոտին չամրացրած ուղևորների մի մասը տեղից ընկել են ու վնասվածքներ ստացել:
Այնուհանդերձ՝ վայրէջքը բարեհաջող է անցել: Օդանավն արդեն Մոսկվա է վերադարձել:










