Թրամփն իրարանցում է առաջացրել Պետդեպում՝ Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով

10:54 • 01.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրարանցում է առաջացրել Պետդեպում՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով:

Ինչպես նշում է The New York Times-ը, Սպիտակ տնից հայտնել են, որ 2 ղեկավարների հեռախոսազրույցն ընկերական մթնոլորտում է անցել:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներ այցելելու վերաբերյալ Թրամփի հրավերը միանգամայն անսպասելի է եղել Պետդեպի ու Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) համար: Ակնկալվում է, որ Պետդեպն ու ԱԱԽ-ն հրավերի դեմ հանդես կգան:

Այժմ Թրամփի վարչակազմը նախապատրաստվում է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բուռն քննադատություններին: Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ «Թրամփը, աջակցելով թմրամոլների դեմ Դուտերտեի հայտարարած պատերազմին, դառնում է այդ հանցագործությունների մասնակիցը»:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ու Դուտերտեն քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը:

Իսկ թե երբ է կայանալու 2 պետությունների ղեկավարների հանդիպումը՝ դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ նախկինում Դուտերտեն մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել՝ ուղղված ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային. Ֆիլիպիններրի նախագահն Օբամային «անառակի որդի էր անվանել»: