«Քաղաքը կարոտ է մաքուր սրտերի, մաքուր հոգիների». «Երկիր Ծիրանին» քարոզարշավ անցկացրեց Շենգավիթում (տեսանյութ)

15:17 • 01.05.17

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, Երևանի ավագանու թեկնածուներն այսօր քարոզարշավ են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում: Կուսակցության անդամները շրջել են Շենգավիթի տարբեր թաղամասերում՝ քաղաքացիներին ներկայացնելով իրենց ծրագրերը՝ վստահեցնելով, որ իրենց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը գալիս է՝ վերացնելու անարդարությունը, կոռուպցիան, ապօրինությունը:

«Քաղաքը կարոտ է մաքրության՝ մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միասին և միակամ լինենք, ոչ ոք և ոչինչ ի զորու չի լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքի համահայկական մայրաքաղաքին»,-քաղաքացիներին հորդորում էին «Երկիր Ծիրանի»-ի անդամները:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանն ասաց, որ իրենց գերագույն խնդիրն է, որ իրավունքի գերակայությունն իշխի Երևանում, Հայաստանում:

«Մեր առաջնային խնդիրը կոռուպցիան վերացելն է, շատ կարևոր է, որ բոլոր գործողությունները լինեն թափանցիկ, և մեր քաղաքացիները ներգրված լինեն հասարակական, հանրային կյանքին»,-շեշտեց նա:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը Կենտրոն համայնքում նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանն ասել էր. «Մենք շատ դաժան և ծանր պատմություն ենք ունեցել, և էսօր հանկարծ մի «դեվչոնկա» հայտարարում է՝ ես Երևանը գրավելու եմ: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է գրավելու…»:

Անդրադառնալով այս հայտարարությանը Հայկ Պետրոսյանն ասաց. «Պարոն Իգիթյանին նախ և առաջ խորհուրդ կտամ հարգալից վերաբերվել։ Իրանք միշտ խոսում են, որ կայացած քաղաքական ուժ են, նույնիսկ շոշափվում է, որ լավ մենեջեր են։ Ընդհանուր առմամբ, հասուն քաղաքական գործիչը և հասուն քաղաքական ուժը երբևիցե իրեն թույլ չի տալիս այդ մակարդակով խոսել որևէ քաղաքական գործչի մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում։