Ֆրանսիայի վարչապետը կարծում է, որ ԵՄ-ն չի դիմանա Լը Պենի նախագահությանը

10:44 • 02.05.17

Եվրամիությունը չի դիմանա Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հնարավոր հաղթանակի հետևանքներին: Այդ կարծիքն է հայտնել երկրի վարչապետ Բեռնար Կազնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Brexit-ից թուլացած Եվրամիությունը չի կարող դիմանալ նոր հարվածի, որը տեղի կունենա Ֆրանսիայում բացահայտ եվրաֆոբ կառավարության՝ իշխանության գալու դեպքում»,- ասել է Կազնովը Liberation թերթի համար գրված հոդվածում:


Սյունակում Ֆրանսիայի վարչապետը կրկին կոչ է արել համաքաղաքացիներին մայիսի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Լը Պենի մրցակցի՝ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին:


Սպասվում է, որ երեքշաբթի Liberation-ը կթողարկի հատուկ համար՝ ուղղված «Ազգային ճակատ»-ի դեմ:


Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով Մակրոնը հավաքել է 24,01 տոկոս ձայն, իսկ Լը Պենը՝ 21,3 տոկոս: