Թուրք հոգևորականները փախել են Գերմանիայից` լրտեսության մեղադրանքով դատարանի առաջ չկանգնելու համար

10:16 • 02.05.17

Տասնվեց թուրք հոգևորականներ լքել են Գերմանիան` լրտեսության մեղադրանքով դատարանի առաջ չհայտնվելու համար, գրում է թուրքական diken.com.tr կայքը: Ավելին` 16 իմամներից 10-ը համարվում են անհայտ կորած:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են իրականացրել երկրի տարածքում գործող DİTİB թուրքական իսլամական միության չորս իսլամիստ հոգևորականների տներում: Նրանց կասկածում են լրտեսության համար:

Նշվում է, որ միության իմամները և կրոնական հարցերով կցորդները լրտեսել են համայնքի անդամներին և գերմանացի ուսուցիչներին՝ Անկարային ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ենթադրյալ հետևորդների մասին հայտնելու համար: Գյուլենին Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար: 

Կայքը նշում է, որ իմամները կասկածվում են նաև Գերմանիայում ապրող ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացիներին լրտեսելու համար:

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը, սակայն, հերքել էր լրտեսության մասին մեղադրանքները: