Եթե Թուրքիայում մահապատիժը վերականգնվի, ապա ԵՄ-ի հետ տարվող բոլոր բանակցություններն անվավեր կդառնան. Մերկել

15:29 • 03.05.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները վերականգնեն երկրում մահապատիժը, ապա Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության համար տարվող բոլոր բանակցություններն «անվավեր» կդառնան, այս մասին գրում է գերմանական morgenpost.de կայքը:

Մերկելը հիշեցրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիային կարող է օգնել առաջին հերթին մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև Թուրքիայում ապաստանած 3 մլն սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օգնություն ստանալու հարցում:

Գերմանիայի կանցլերը պատասխանել է նաև քննադատություններին, թե Գերմանիան Թուրքիայում տիրող իրավիճակը գնահատելու հարցում շատ մեղմ դիրքորոշում է որդեգրել, և հայտարարել է, որ ինքը որպես Գերմանիայի կանցլեր ամբողջովին ազատ է իրենց մտահոգող երևույթները մեկնաբանելու հարցում և դա անում է ոչ միայն եվրոպական հասարակության, այլև Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: 

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք արտահայտելու ենք մեր մտահոգությունները շատ բացահայտ: Միևնույն ժամանակ, մենք պետք է խելամիտ գործենք, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները բխում են նաև հենց մեր շահերից», - ասել է Մերկելը: