Մեկ պատգամավորի տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է համապետական ցուցակին. Հ. Սահակյանը պարզաբանեց մանդատների բաշխման սկզբունքը

21:18 • 04.05.17

«Հանրապետական» կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանից Tert.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում ռեյտինգային և համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորների մանդատների թիվը: Մասնավորապես, թե ինչ հաշվարկի արդյունքում է «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկների դիմումներից հրաժարված 12 պատգամավորներից հաշվարկի արդյունքում 8-ին բաժին հասել մանդատ.

«Այդ հարցը թեև չեմ կարող պարզաբանել, սակայն կներկայացնեմ ընդհանուր սկզբունքը: Դա բավականին բարդ թվաբանական հաշվարկներ է ենթադրում: Ընդհանուր հավաքված ձայները բաշխվում են 13 տարածքների վրա: Օրինակ` մի տարածքում կարող է կուսակցությունը ունենալ 3 պատգամավոր, իսկ տարածք կա, որ կարող է ունենալ երկու կամ մեկ պատգամավոր, և եթե կենտ թվով մանդատներ է բաժին հասել տվյալ կուսակցությանը, ենթադրենք՝ 11, ապա 6 պատգամավոր գնում է ցուցակից, իսկ հինգը` տարածքային ցուցակից: Այսինքն՝ մեկ պատգամավորի տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է համապետական ցուցակին»,-ասաց նա:

Հովհաննես Սահակյանը, մասնավորապես, նշեց, որ կոնկրետ «Ելք» դաշինքը ինը պատգամավորական մանդատ է ստացել, որոնցից հինգը գնացել է համապետական ցուցակից, չորսը՝ տարածքային: «Քանի որ 9-ը չես կարող հավասար երկու մասի բաժանել, նախապատվությունը քաղաքական համապետական ընդհանուր ցուցակին է տրվում»,- հավելեց նա:

Ըստ նրա` այս ամենը բարդացված չէ և դրանք ընդունված բանաձևեր են, որոնք կիրառվում են շատ երկրներում: «Մենք 55 մանդատ ունենք, և դրան գումարած երեքը` ազգային փոքրամասնություններից են, այն հավասար երկու մասին չի բաժանվում, դրա համար 28-ը գալիս է համապետական ցուցակից, իսկ 27 –ը տարածքների վրա է բաժանվում, թե որ տարածքը որքան ձայն է բերել ընդհանուր քաղաքական թիմին, ըստ այդ համամասնության էլ բաշխվում են այդ ձայները»,-պարզաբանեց նա:

Հովհաննես Սահակյանը գտնում է, որ նոր օրենսգիրքը արդարացրել է սպասելիքները: «Տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ մեզ մոտ նախընտրական, ընտրական պրոցեսներն անցնում են հարթ, իսկ հետընտրական պրոցեսները, չգիտես ինչու, անցնում են որոշակի ցնցումներով, իսկ այս դեպքում որևէ հետընտրական պրոցես չեղավ: Սա այս ընտրությունների որակի և արդյունքի լավագույն գնահատականն է»,- ասաց նա: