Ֆրանսիայի դեսպանին կանչել են Բելառուսի ԱԳՆ՝ հոքեյի հավաքականի հետ տեղի ունեցած միջադեպից հետո
Բելառուսի դիվանագետները ֆրանսիական կողմից բացատրություններ են խնդրել Փարիզի կայարանում Բելառուսի հոքեյի հավաքականի խուզարկության առնչությամբ: Այդ մասին ասված է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Բելառուսի հավաքականը Բորդո քաղաքից գնացքով ժամանել է Փարիզ, որտեղ մայիսի 5-ին սկսվում է աշխարհի առաջնությունը, և ենթարկվել է խուզարկության տեղի ոստիկանության կողմից:
«Ֆրանսիայում դեսպանատունը պահպանում է հոքեյի հավաքականի հետ կապը: Տեղի ունեցած խուզարկության առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել»,- հայտնել է Twitter-ում մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Բելառուսի արտաքին քաղաքականության հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Դիդյե Կանեսը հրավիրվել է ԱԳՆ:










