ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3.900 եվրո փոխհատուցում վճարել «ԳԱԼԱ» հեռուստաալիքի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է ՉԱՊ ՍՊԸ-ն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի մարտի 13-ին:
ՉԱՊ ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է, որը ստեղծվել է 1999 թվականին Գյումրիում և որը 2005 թվականին հիմնադրել է «ԳԱԼԱ» մարզային հեռուստաընկերությունը:
Դատական գործը վերաբերել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հեռուստաընկերության նկատմամբ իրականացված ստուգումներին և նրա նկատմամբ սահմանված 25.665.100 դրամի հարկային պարտավորությանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել են արդար դատաքննության և վկայությունների ուսումնասիրության իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել ընդհանուր առմամբ 3.900 եվրո փոխհատուցում. 2400 եվրո՝ պատճառած ոչ նյութական վնասի և 1500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Մասնավորապես նշվում է, որ հայցվոր ընկերությունը բողոքել է, որ ընկերությունը հնարավորություն չի ունեցել ստուգել վկաներին, որոնք վկայություններ են տվել, կամ ներկայացված փաստաթղթերը, որոնք հարկային վարույթում օգտագործվել են ընկերության դեմ:










