Ինդոնեզիայի ազգային պարկում Կոմոդյան վարանը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

22:50 • 04.05.17

Ինդոնեզիայի կոմոդյան վարանը հարձակվել է սինգապուրցի զբոսաշրջիկի վրա, երբ վերջինս փորձել է լուսանկարել կենդանուն ուտելու պահին:

Ինչպես հայտնում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Կոմոդո ազգային պարկում: 50-ամյա զբոսաշրջիկը ծանր վնասվածք է ստացել ձախ ոտքից:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, տղամարդը դիտելիս է եղել, թե ինչպես են հսկա մողեսները խոզ և այծ ուտում, ապա որոշել է մոտենալ և լուսանկարել կենդանիներին: Նա անտեսել է տեղի գյուղացիների զգուշության հորդորներն ու չափազանց շատ է մոտեցել վարանին:

Գյուղացիները փրկել են նրան կենդանուց և զինվորական մոտորանավակով տեղափոխել հիվանդանոց:

Կոմոդյան վարանը մողեսի ամենամեծ տեսակներից մեկն է ողջ աշխարհում և բնակվում է ինդոնեզական հեռավոր կղզիներում` վայրի բնության մեջ:

Ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ են ժամանում ինդոնեզական ազգային պարկ` տեսնելու հսկա կենդանիներին: