Ավտոմեքենան ընկել է Որոտան գետը, 2 մարդ տեղում մահացել է, մեկը վիրավոր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով գետից դուրս են բերել ավտոմեքենան, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Դ. ու 1998 թ. ծնված Ա. Մ.-երի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։










