Տարոն Մարգարյանը բոլոր հնարավորություններն ունի համոզիչ հաղթանակ տանելու այս ընտրություններում ևս. Սամվել Ֆարմանյան

17:46 • 04.05.17

ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հայտարարություններին, ինչպես նաև ավագանու թեկնածուների ծրագրերի՝  երևանցիների ընկալումներին և քաղաքի խնդիրներին ու հիմնախնդիրներին:

- Պարոն Ֆարմանյան, Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված է Ձեր կուսակից, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բացառելով կուսակցական գործոնը, կարո՞ղ եք շատ հակիրճ ասել՝ ինչո՞ւ Տարոն Մարգարյան, և ոչ Նիկոլ Փաշինյան կամ Զարուհի Փոստանջյան:

-Խոսքը, իհարկե, քաղաքապետի մասին է: Նախ, թույլ տվեք նկատել, որ իմ տպավորությամբ, քարոզարշավն ընթանում է առավել քան բնականոն հունով, մասնակից քաղաքական թիմերն օգտվում են քարոզչական առկա բոլոր հնարավորություններից՝ ավանդական և ոչ ավանդական, իրենց ծրագրերը ներկայացնելու մայրաքաղաքի բնակիչներին և հայցելու նրանց աջակցությունը: Իհարկե, այն, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում համապետական ընտրություններից անմիջապես հետո, իր հետքը թողնում է քարոզարշավի վրա, թեկուզ միայն մասնակից քաղաքական ուժերի թվաքանակի առումով: Քարոզարշավի ընթացքն ինձ մոտ թողնում է տպավորություն, որ Տարոն Մարգարյանը, բնավ չթերագնահատելով մյուս թեկնածուներին, բոլոր հնարավորություններն ունի համոզիչ հաղթանակ տանելու այս ընտրություններում ևս: Որպես մայրաքաղաքի Նոր Նորք համայնքից նախկինում ընտրված պատգամավոր, կարող եմ փաստել, որ գործող քաղաքապետը վայելում է երևանցիների դրական վերաբերմունքը և հարգանքը, ինչի հիմքում, անշուշտ, և մայրաքաղաքաբնակների հետ մշտական հետադարձ կապն է, որն ապահովվել է այս ամբողջ ընթացքում և այն էական փոփոխությունները, որ անզեն աչքով էլ տեսանելի են Երևանի բնակիչներին: Գործող քաղաքապետի հաջողության գրավականներից մեկն էլ, իմ պատկերացմամբ այն է, որ նա չի ձգտում թաքնվել գոյություն ունեցող խնդիրների հետևում, հերքել կամ ժխտել դրանց գոյությունը: Իսկ նման խնդիրներ մայրաքաղաքում իսկապես կան ու քիչ էլ չեն, և վստահ եմ, որ հաղթանակի պարագայում, դրանք կկազմեն նորընտիր քաղաքապետի գործողությունների առաջնահերթությունները:

-Հաշվի առնելով, որ Դուք շատ եք լինում եվրոպական մայրաքաղաքներում, կարո՞ղ եք ասել, որ այսօր Երևանը եվրոպական քաղաք է իր ենթակառուցվածքներով, տրանսպորտով , աղբահանությամբ: Երբ արտասահմանցի հյուրեր եք ունենում, Ձեզ հաջողվո՞ւմ է քաղաքի տեսարժան վայրերին ծանոթացնել դրանց ու չկարմրել նրանց մոտ մայրաքաղաքում թափված աղբի, անճաշակ կցակառույցների ու շինությունների համար:

-Գիտեք, ես չգիտեմ՝ ինչ ասել է եվրոպական քաղաք, թեև հասկանում եմ հարցի ենթատեքստը: Այդ առումով ես կպատասխանեի՝ և՛ այո, և՛ ոչ: Շատուշատ ուղղություններով, այո նմանվում ենք եվրոպական զարգացած քաղաքներին, որոնք ապրելու համար հարմար են, իսկ այցելուների համար՝ հետաքրքիր ու գրավիչ: Ոչ, որովհետև դեռ մեծ անելիքներ կան շատուշատ ուղղություններով՝ տրանսպորտային ցանց, նոր ներդրումների ներգրավման, շարունակ կանաչապատման ու բնակֆոնդի թարմացման, համատիրությունների աշխատանքների կազմակերպման լրիվ նոր փիլիսոփայության անհրաժեշտության և բազում այլ ուղղություններով: Բայց, այն աշխատանքը, որ կատարվել է մայրաքաղաքն ավելի հարմարավետ ու ժամանակակից դարձնելու առումով, առավել քան տեսանելի է, և դա են փաստում նաև մայրաքաղաք ժամանող մեր հյուրերի տպավորությունները, որոնք բոլորն էլ ասում են, որ Երևանը փոխվել է:

- Հուսահատության «Գազելներ», «մահվան վերելակներ» և աղբի ու փոշու ամպեր. սրանք այս քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ բնորոշումներ են: Սա համարում եք նախընտրական քարոզարշավի բառապաշարի մա՞ս, թե՞ իբրև երևանցի, նման երևույթների հանդիպել եք:

-Անշուշտ, ինչպես արդեն ասացի, Երևանում խնդիրներ կան ու դրանք քիչ չեն: Տրանսպորտային ցանցը ժամանակակից ու հարմարավետ դարձնելը ուղղակի հրամայական է: Այստեղ նոր ու համարձակ լուծումներ են անհրաժեշտ և որքանով տեղյակ եմ, քաղաքապետ Մարգարյանի կողմից արդեն նման ծրագիր ներկայացվել է, նման հայտարարություն եղել է: Այսօր, մի կողմից քաղաքաշինական, կառուցապատման նոր ծրագրերի իրականացման ու բնակֆոնդի թարմացման, մյուս կողմից բնապահպանական, մայրաքաղաքը կանաչ պահելու հրամայականի առջև կանգնած են աշխարհի բոլոր մեծ քաղաքները և այդտեղ ճիշտ հավասարակշռություն գտնելու անհրաժեշտություն կա: Ինքս չեմ տիրապետում կոնկրետ վիճակագրության կամ տվյալների, բայց որպես Նոր Նորքի բնակիչ, կարող եմ փաստել, որ մեր վարչական շրջանը վերջին տարիներին ավելի կանաչապատ է դարձել, ու դա այդպես է բոլոր վարչական շրջաններում: Այլ ոլորտներում ևս շոշափելի փոփոխություններ կան:  

-Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը ձգտում է այս քարոզարշավի ընթացքում հնարավորինս հանդես գալ որպես մենեջեր ու չքաղաքականացնել, մինչդեռ մյուս կողմերը առավել հակված են քաղաքականացնելու ՏԻՄ ընտրությունները: Ինչո՞ւ:

-Այն ինչ տեղի է ունենում քարոզարշավի ընթացքում, առավել քան օբյեկտիվ է և հասկանալի: Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններն են անշուշտ, և դա բխում է մեր քաղաքական համակարգի տրամաբանությունից: Դրա համար էլ ընտրություններին մասնակցում են քաղաքական կուսակցությունները, այլ ոչ թե անհատ թեկնածուները: Բայց այդ քաղաքական ընտրությունների արդյունքում երևանցին ընտրում է քաղաքի կառավարիչ և կառավարիչների թիմ: Իմ տպավորությամբ, ընտրություններն հենց այդպես էլ ընկալվում են մայրաքաղաքաբնակների կողմից: Չեմ կարծում, թե մասնակից մյուս թեկնածուների կողմից նկատվող փորձերը՝ այս ընտրությունները ներկայացնելու որպես երկրում քաղաքական իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզի մի քայլ, այսօր, ընկալելի են երևանցիների համար: Չէ՞, որ ի վերջո մրցակից այդ ուժերից մեկն ընդամենը մեկ ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում, մայրաքաղաքում ստացել է ընտրողների ընդամենը մոտ 15 տոկոսի աջակցությունը, իսկ երկրորդի համար այս ընտրությունները քաղաքական մկրտություն են՝ դրանից բխող համեստ սպասումներով: Բայց մի բան ակնհայտ է, որ այդ երկու ուժերի ներկայացվածությունը ապագա ավագանիում միայն օգտակար կլինի հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար՝ ապահովելու ինչպես տեսակետների բազմազանություն, այնպես էլ չթույլատրելու, որ քաղաքային բյուրոկրատիան լճանա, ինչն անխուսափելի է տեսակետների բազմազանության բացակայության պարագայում։