Բացառում եմ, որ մեր թեկնածուները չիմանային ինքնաբացարկների մասին. Վարդան Վարդանյան

15:41 • 04.05.17

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակից, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը բացառում է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներն ստորագրած լինեին առանց դրա մասին գիտենալու: Նույնը՝ նաև դատարկ բլանկների վրա ստորագրելու մասով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարդան Վարդանյանը։

Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ պատգամավորության թեկնածուներն ստորագրած լինեին դատարկ թղթերի վրա, Վարդան Վարդանյանը նույնպես բացասական պատասխան տվեց՝ ասելով՝ ոչ:  «Չգիտեմ՝ ինչ են ասում, բայց  բացառում եմ, որ առանց իմանալու ինչ-որ բան  ստորագրեին»։

ԲՀԿ փոխնախագահն այլ մեկնաբանություններ չուներ և հորդորեց սրանով ավարտել հարցազրույցը։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ այդ դիմումները ներկայացրել են առանց իրենց հետ համաձայնեցնելու, ինչի արդյունքում նրանցից 8-ն ստացավ մանդատ: 


Նշենք, որ օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը տեղի ունեցածն իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր որակել։ «Դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»,-շեշտեց նա:


«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանն էլ վստահեցրել էր, որ ինքնաբացարկի դիմում չի գրել՝ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո: