Մեղադրական կողմը Յանուկովիչի համար ցմահ ազատազրկում է պահանջելու
Պետական մեղադրողը Կիևի Օբոլոնի շրջանային դատարանին կխնդրի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է lb.ua-ն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ռազմական դատախազ Ռուսլան Կրավչենկոն:
«Պետական դավաճանության մասին գործով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Մեղադրական կողմը կպահանջի պատժի առավելագույն չափը»,- ասել է դատախազը:
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեղադրվում է պետական դավաճանության համար:
Նա մեղադրվում է մասնավորապես նրա համար, որ 2014 թվականի մարտի 1-ին, լինելով ՌԴ տարածքում, պետական դավաճանություն է գործել՝ գրավոր դիմումով դիմելով ՌԴ նախագահին և խնդրելով օգտագործել ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքում: Հետագայում դա հանգեցրել է Ուկրաինայի կողմից Ղրիմի և ավելի քան 1,080 տրիլիոն գրիվնա արժողությամբ պետական գույքի օբյեկտների կորստին:
«Այդ նամակի արդյունքում ռուսական իշխանությունը՝ ագրեսոր պետությունն օգտագործել է իր զորքերը մեր երկրի տարածքում.. Այդ հանցավոր գործողությունների ժամանակ նրանք սկսել են և վարում են մեր երկրի դեմ ագրեսիվ պատերազմ»,- ասել է դատախազը:
Նրա խոսքով՝ Յանուկովիչի գործողությունները դարձել են միլիոնավոր փախստականների և ներքին տեղահանվածների հայտնվելու, հազարավոր զոհերի պատճառ:










