Հնդիկ ոստիկանների պնդմամբ` հազար լիտր առգրավված ալկոհոլը խմել են առնետները
Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում առնետները 1000 լիտր առգրավված ալկոհոլ են խմել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են տեղի ոստիկանները:
2016-ի ապրիլին նահանգում արգելվել է ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործումը: Այդ ժամանակվանից ի վեր ոստիկանությունն ավելի քան 900 000 լիտր ապօրինի ալկոհոլ է առգրավել: Ոստիկանական բաժանմունքների աշխատակիցների խոսքով` առգրավված խմիչքի մեծ մասը ոչնչացրել են առնետները:
Ոստիկանության ղեկավարությունը ստուգումներ է իրականացնում` պարզելու, թե որքան ալկոհոլ է անհետացել:
Ոստիկանության աշխատակիցները ևս ստուգում կանցնեն` պարզելու, թե արդյոք օգտագործել են ալկոհոլ, թե ոչ: Եթե դա հաստատվի, ապա նրանք կզրկվեն աշխատանքից, իսկ հետո նրանց կդատեն նահանգի օրենքը խախտելու համար:
Նահանգի օրենքի համաձայն` ալկոհոլ օգտագործելու համար կարելի է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել:










