Նոր խորհրդարանի պատգամավորները ԿԸՀ-ից ստացան մանդատները
19:35
Մանդատների հանձնման պաշտոնական արարողությանը բոլոր խմբակցությունների պատգամավորներ ներկա էին, բացառությամբ՝ «Ելք» դաշինքի: «Ելքի» 9 պատգամավորներից որևէ մեկը չէր եկել հանդիսավոր մանդատ ստանալու արարողությանը:
«Ծառուկյան» դաշինքից ներկա էին հաշված թվով պատգամավորներ, մինչդեռ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր եկել: Դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանը չի ներկայանա անձամբ ստանալու մանդատը:
Խմբակցությունից ներկա էին նաև Միքայել Մելքումյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը:
ՀՀԿ-ն գրեթե ամբողջ կազմով ներկա էր՝ ստանալու մանդատները՝, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհանիսյան, Շուշան Պետրոսյան, Ալիկ Սարգսյան և այլն:
Ամբողջ կազմով ներկա էր նաև Հայ Յեղափոխական դաշնակցությունն իր 7 պատգամավորներով:
____________
Կենտրոնական ընտական հանձնաժողովն այսօր նոր խորհրդարանի անդամ 105 պատգամավորներին կհնաձնի իրենց մանդատները: Կառավարության ընդունելությունների տանը քիչ հետո կմեկնարկի մանդատների հանձնման արարողությունը:
ԿԸՀ-ն կարձանագրի Ազգային Ժողովի պատգամավորների անունները: Նշենք, որ նոր խորհրդարանի բոլոր ապագա պատգամավորները չեն, որ մասնակցում են մանդատների հանձնման արարողությանը:
Նշենք, որ ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել 4 քաղաքական ուժեր:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ է անցել 58 պատգամավոր, որից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների լրացուցիչ ցուցակներով, 27-ը՝ ռեյտինգային ընտրակարգով:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 6-րդ գումարման խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր, որից 15-ը՝ համապետական ցուցակով, 15-ը՝ ռեյտինգային ընտրակարգով և ևս 3 պատգամավոր՝ ազգային փոքրամասնությունների լրացուցիչ ընտրացուցակներով:
«Ելք» կուսակցությունների դաշինքը, որը ստացել է 9 մանդատ և կունենա 4 ռեյտինգային պատգամավոր և 5 պատգամավոր համամասնական ցուցակից։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» 6-րդ գումարման ԱԺ-ում ունենալու է 7 պատգամավոր, որից 4-ը՝ համապետական, 3-ը՝ ռեյտինգային:










