ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կալանավորված աշխատակիցն անչափահաս երեխա ունի, պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի պաշտպանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը նրա կալանավորման վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Պապյանի պաշտպան Հունան Բաբայանը:
«Մարինե Պապյանի խնամքի տակ են գտնվում նրա 8-ամյա երեխան ու առողջական խնդիրներ ունեցող մայրը: Սակայն առաջին ատյանի դատարանն այս հանգամանքն ընդհանրապես քննության չի առել: Հուսամ՝ Վերաքննիչ դատարանն այս հանգամանքը հաշվի կառնի»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ. Գյոնջյանի, Գ. Չիլինգարյանի և Գ. Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:










