«Ելք»-ը Զեյթունում իր քարոզարշավն անցկացրեց սոցիոլոգիական հարցմամբ. hիշեցին Ադիբեկյանին (տեսանյութ)

17:27 • 05.05.17

 

«Ելք» դաշինքի անդամները քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Քանաքեռ Զեյթունում սոցիոլոգիական հարցում անցկացրեցին:

Հեգնելով «Սոցիոմետր» կազմակերպության ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կողմից  հրապարակված սոցհարցման տվյալները, համաձայն որոնց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի 67 տոկոս ձայն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Քանաքեռ Զեյթունում «Ելք»-ն ունի 67 տոկոս ձայն:

«Ուրեմն՝ քանաքեռցիների շրջանում 67 տոկոս ձայները մերն են, կան 1 տոկոս չկողմնորոշվածներ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու պատուհանից նայող քանաքեռցուն հարցրեց. «Կներեք, Դուք մեր օգտին քվեարկելո՞ւ եք, թե՞ չէ, ուրեմն՝ ծափեր քաղաքացուն»:

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հորդորեց. «Զանգեք Ահարոն Ադիբեկյանին, թող գա, քանի որ Տարոն Մարգարյանի մի հատ ընտրող չէր տեսել:

Նորից հորդորվեց՝ մայիսի 14-ին գնալ այն վստահությամբ, որ այս ընտրությունների ելքը որոշելու է քաղաքացին, որ այս տարիների ընթացքում Երևանում կուտակված խնդիրներից ելք կա:

«Մի  հուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներին, մահվան վերելակներին, ելք կա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով զեյթունցի երեխաներին նախապես հորդորել էր ձայնակցելով վանկարկել՝ «Ելք կա»:

Դաշինքի անդամները քաղաքացիների հետ շփվում էին նաև բնակելի շենքերի «ներքևից վերև»՝ նրանց հարցեր տալով, պատասխաններ տալով:

Իսկ երբ անդամներից մեկը սայթաքեց, Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց.  «Կամաց-կամաց՝ Տարոն Մարգարյանի հուսահատության փոսն է, որից էլ ելք կա»: Փաշինյանն ապա բնակիչների համար մեկնաբանեց. «Դե գալու են սարքեն, որ հետո էլի սարքեն»:

Մի քաղաքացի էլ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ուզում է քաղաքապե՞տ լինի, թե՞ ԱԺ պատգամավոր:

«Եթե առաջադրվել եմ քաղաքապետի թեկնածու, ուրեմն համարում եմ, որ ավելի ճիշտը քաղաքապետի թեկնածուն է»,-պատասխանեց Փաշինյանը:

Մի ծերունի էլ դիմեց Փաշինյանին՝ ասելով, որ փաստացի սոված է, Փաշինյանն ի պատասխան հարցրեց. «Ե՞ս եմ մեղավոր դրա համար», ինչին հետևեց ծերունու պատասխանը. «3-րդ համարն եմ ընտրել ու սխալվել եմ»: