Երևանը լինելու է հարմարավետ, մատչելի և անվտանգ. Տարոն Մարգարյան (տեսանյութ)
Մենք ներկայացրինք «Ավելի լավ Երևան» ծրագիրը: Մեր թիմը 4 տարի օր ու գիշեր ձեր աչքի առաջ աշխատեց, բայց սա չի նշանակում, որ մենք կարողացանք 100 տոկոսով լուծել քաղաքի բոլոր խնդիրները: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Էրեբունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:
Վերջինս նշեց, որ Երևանում դեռ անելիքներ շատ կան, չլուծված խնդիրներ շատ կան և դրանք իրականացնելու համար հարկավոր է փորձառու թիմ, հստակ ծրագիր: «Մենք այսօր, այս փորձառու թիմով, ներկայացնում ենք Երևանի զարգացման 5-ամյա ծրագիր: Մեր թիմը գիտի երևանցու դարդ ու ցավը, Երևանի խնդիրները: Մենք մեր նախընտրական ծրագրով նախատեսել ենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են քաշել հենց երևանցիները»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ նախընտրական իրենց ծրագիրը հավակնոտ է, բայց միևնույն ժամանակ իրատեսական, որովհետև կյանքի կկոչվի իրենց թիմի կողմից:
«Այս տարիների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել սոցիալապես անապահով խավի բնակիչները: Մեր ուշադրության կենտրոնում են եղել տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց դա չի նշանակում, որ անելիքներ չունենք, ոչ, մենք պետք է լուծենք այս ընտանիքների առողջական, սոցիալական խնդիրները և մեր 5 ամյա ծրագրում այս ամենը կա»,- նշեց Տ. Մարգարյանը:
Քաղաքապետը մանրամասնեց, որ քաղաքային բոլոր մանկապարտեզները, որոնք անվճար են, կապիտալ վերանորոգվելու են, որպեսզի լինեն հարմարավետ: «Մեկնարկը տալու ենք հենց Էրեբունուց, Վարդաշենի մանկապարտեզից»,- խոստացավ նա:
Երևանը, Տարոն Մարգարյանի հավաստատմամբ, լինելու է հարմարավետ, մատչելի, անվտանգ: «Երևանը զարգացող քաղաք է ու պետք է չզիջի ոչ մի զարգացած քաղաքի»,- նշեց նա՝ շեշտելով, թե ինքը բնակիչներից մեկն է ու գիտի, թե ինչ է ուզում Երևանցին:
«Մենք կարող ենք ծառայել մեր երևանցուն, մեր ժողովրդին»,- հավաստիացրեց Տարոն Մարգարյանը:










