WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ փաստաթղթերի նոր մասնաբաժինը
WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող Vault 7 անունով գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր հերթական մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր ֆայլերի փաթեթը նկարագրում է «Արքիմեդ» (Archimedes) անունով ԿՀՎ-ի տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կիբերհարձակումներ գործել լոկալ ցանցերի շրջանակներում, որոնց սովորաբար միացված են գրասենյակներում օգտատերերը:
Մեխանիզմը թույլ է տալիս հատուկ ծառայություններին հսկողություն ստանալ համակարգիչներից մեկի նկատմամբ և դրա միջոցով հետևել նույն լոկալ ցանցի ներսում հատուկ ծառայություններին հետաքրքրող մեկ այլ համակարգչի գործողություններին:
Համակարգչի վրա դիտարկիչի օգտագործման ժամանակ տեղեկատվության հոսքը վերահասցեավորվում է ԿՀՎ-ի հատուկ սերվեր, սակայն օգտատիրոջը թվում է, որ դիտարկիչն աշխատում է սովորական ռեժիմով:
«Խզբզոց» անունով փաստաթղթերի նախորդ մասը հրապարակվել էր ապրիլի 28-ին:
ԿՀՎ-ի հրապարակված փաստաթղթերը թվագրված են 2016 թվականի մարտի 1-ով և գաղտնագրված են մինչև 2066 թվականը:
WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը հրապարակել է մարտի 7-ին, հաղորդվում էր, որ փաստաթղթերի փաթեթի հրապարակումը լինելու է հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը:










