Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք հայտնվել նրանց առաջ. Էրդողանը սպառնացել է իրեն «խանգարողներին»

09:42 • 05.05.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկածների «սիրտը շահել», այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

«Այսօր մեր կողքով չքայլողները վաղը կարող են մեզ հետ լինել: Այդպես չէ՞: Նրանց սիրտն էլ կաշխատենք շահել», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը նախօրեին Ստամբուլում կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հավաստիացրել է, որ իրենք որևէ մեկին չեն փորձում մեկուսացնել, ճնշել կամ խտրականության ենթարկել՝ միևնույն ժամանակ սպառնալով տհաճ անակնկալներ մատուցել «իրեն խանգարողներին»:

«Սակայն եթե որևէ մեկը մեզ անհանգստություն պատճառի` մի գիշեր շատ անսպասելի կարող ենք հայտնվել նրանց առաջ», - սպառնացել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: