Johnson&Johnson-ի արտադրանքի օգտագործումից քաղցկեղով հիվանդացած կինը 110 մլն դոլար փոխհատուցում կստանա

14:12 • 05.05.17

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի դատարանը պարտավորեցրել է կենցաղային քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող Johnson & Johnson ընկերությանը 110 մլն դոլար փոխհատուցում վճարել կնոջը, որը քաղցկեղով է հիվանդացել ընկերության՝ տալկ պարունակող արտադրանքի օգտագործումից:

Ինչպես նշում է Reuters-ը, կինը դատարանում պատմել է, որ 40 տարի շարունակ ամեն օր օգտագործել է J&J-ի արտադրության տալկ պարունակող փոշին:

Դրա հետևանքով 2012թ. կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել, ինչից հետո չարորակ ուռուցքը տարածվել է լյարդի վրա: Ներկայում կինը քիմիաթերապիայի կուրս է անցնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը վճռել է, որ ընկերությունը պետք է 110 մլն դոլարի փոխհատուցում վճարի կնոջը:

Մինչդեռ J&J-ն իր ցավակցությունն է հայտնել կնոջն ու հայտարարել, որ մտադիր է բողոքարկել վճիռը:

Նշվում է, որ Սենտ Լուիսի դատարանում J&J-ի դեմ նմանատիպ 2.400 հայց է ներկայացվել: