Իտալացին սպանել է հարևանուհուն շատախոս թութակի պատճառով
Իտալական Կալյարի քաղաքի բնակիչ Իգնացիո Ֆրաիլիսը խոստովանել է ոստիկանությանը, որ սպանել է հարևանուհուն վերջինիս շատախոս թութակի պատճառով:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, մարդասպանը պատմել է, որ հարևանուհու թութակն անընդհատ հայհոյել է իրեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարևանուհին՝ 60-ամյա Մարիա Բոնարիա Կոնտուն, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից:
Հարևանների խոսքերով՝ 46-ամյա մարդասպանն ու զոհը հաճախ էին վիճում ընտանի կենդանիների պատճառով: Հայտնի է, որ տղամարդն իր բնակարանում շներ ու կատուներ է պահում, սակայն սպանության դրդապատճառը դարձել են ոչ թե չորքոտանիները, այլ՝ հայհոյախոս թութակը:
Ֆրաիլիսի պատմելով՝ հարևանուհու փետրավորն անընդհատ վիրավորական խոսքեր է ասել իր հասցեին:
Հայտնի է, որ չարացած տղամարդը, զինվելով դանակով, դարանակալել է կնոջն ու սպանել նրան՝ հասցնելով 11 հարված:










