ԱՄՆ Կոնգրեսում քվեարկել են Obamacare–ը չեղարկելու օգտին

02:55 • 05.05.17

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջապահական բարեփոխման օգտին, որը փոխարինելու է նախկին նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բարեփոխումների նախագիծը կամ Obamacare-ը։

Թրամփի վարչակազմի ներկայացրած օրինագծում առաջարկվում է չեղարկել ապահովագրական ընկերությունների ու բարձր եկամուտներով անձանց համար հարկերն ու տուրքերը, որոնք ամրագրված էին Obamacare-ով։ Բացի այդ, առաջարկվում է կրճատել Medicaid ծրագրի ֆինանսավորումը, որը ապահովագրություն է տրամադրում ցածր եկամուտներով անձանց:

Բացի այդ, Թրամփի բարեփոխումն առաջարկում է ապահովագրությունների պետական սուբսիդավորումը փոխարինել հաճախորդների համար հարկային զեղչերով։  Այս բարեփոխման շրջանակներում տարեց ամերիկացիները պետք է ավելի շատ վճարեն ապահովագրության համար, քան երիտասարդները։ 

Ինչևէ, Թրամփի նախաձեռնությունը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը, որտեղ հանրապետականները Ներկայացուցիչների պալատի համեմատ ձայների ավելի քիչ գերազանցություն ունեն։