Փարիզում ուսուցիչները և աշակերտները ցույցեր են անում նախագահի թեկնածուներ Մակրոնի և Լը Պենի դեմ

14:59 • 05.05.17

Փարիզի մոտ տասը լիցեյում (միջնակարգ ուսումնական հաստատություն) դադարեցվել է աշխատանքն աշակերտների և ուսուցիչների բողոքի ցույցերի պատճառով. նրանք կոչ են անում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չքվեարկել ոչ մի թեկնածուի օգտին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:


Աղբյուրի հաղորդմամբ՝ աշակերտները և ուսուցիչները հանդես են գալիս «Ո՛չ Ազգային ճակատ, ո՛չ Մակրոն» կարգախոսներով և կոչ անում դիմակայել «լիբերալիզմին և ֆաշիզմին»:


«Մեկ լիցեյ ամբողջությամբ արգելափակված է, դասեր չեն անցկացվում: Արվում են այլ հաստատությունների աշխատանքը դադարեցնելու փորձեր», - գործակալությանը հայտնել է Փարիզի ակադեմիայի ռեկտորատը:


Նշվում է, որ Փարիզի լիցեյներում անցկացվող բողոքի ցույցերի կազմակերպիչները Միջազգային պայքարի անկախ շարժումը (Mili) և Լիցեյների գործունեության համակարգման կոմիտեն են:


Ապրիլի 24-ին հրապարակվել են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները. «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի դեմ պաստառ են կախել Էյֆելյան աշտարակի վրա։